Հոգևոր Էակ – Deus Homo (Արարչականություն՝ Պատմության ավարտ)։ Վերադարձ Ապագա (Հայկական քաղաքակրթության կենսընթացը)» գիտական մենագրությունը խորքային հոգևոր-գիտական հայեցակարգ է, որն իրենից ներկայացնում է համամարդկային ներկա ճգնաժամի ամբողջագիտական ախտորոշումը և Ապագայի նոր հասարակարգի ճարտարապետումը: Հեղինակը ժամանակակից գիտական լեզվամտածողությամբ և տարբեր գիտակարգերի սիներգիզմով ապացուցում է, որ մարդկությունն այսօր ապրում է աննախադեպ՝ եռաչափ քաղաքակրթական ճգնաժամ, որտեղ կառավարելի քաոսի և լիբերալ-ժողովրդավարական համակարգերի սպառման միջոցով ակտիվորեն գործում է հակաարարչական հակահամակարգը: Այս բախման հիմնական նպատակն է տեխնոլոգիական միջամտություններով արհեստականորեն կերտել «հետմարդուն»՝ զրկելով նրան բանական, սոցիալական ու հոգևոր էությունից և ամբողջությամբ սահմանափակելով միայն վիրտուալ տիրույթում կառավարվող բնազդային ռեֆլեքսներով: Այս կործանարար ընթացքին աշխատությունը հակադրում է Արարչակրթական կենսուղին, որտեղ ներկա քաոսի հաղթահարումը հնարավոր է միայն մարդկային էության որակական վերաճով՝ բանական էությունից (Homo sapiens) դեպի Հոգևոր Էություն կամ ԱստվածաՄարդ (Deus Homo), ինչը ենթադրում է մարդու որոնողական պատմության ավարտ և նրա նախասահմանված տիեզերական առաքելության սկիզբ: Այս հոգևոր պատերազմում անհատների և քաղաքակրթությունների դիրքավորման գլխավոր դրոշակն ու հենասյուներն են դառնում ավանդական ընտանիքի ինստիտուտի պահպանումը և առ Արարիչ-Աստված կենդանի հավատքը: Այս ամբողջ տրանսֆորմացիոն մետանախագիծը, որն իր մեջ ներառում է ապագա համակարգի համար անհրաժեշտ ինֆորմացիոն (մշակութային), մատերիալ (տնտեսական) և էներգետիկ (կառավարման) ոլորտների վերակառուցումը, պրոյեկտված է Հայկական քաղաքակրթության ապագա կենսընթացի տրամաբանության մեջ: Հայկականությունը և ազգային պետության կայացումը (Հայք) սահմանվում են որպես Նորի կայացման տիեզերական ջահակիր և Փրկության Տապան, որն ի վիճակի է արդարության և ազատության ներդաշնակությամբ մարդկությանը առաջնորդել դեպի նոր, արդար և ամբողջականացված աշխարհակարգ: